Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆաբիան Դելֆը հայտարարել է 32 տարեկանում խաղակոշիկները կախելու իր որոշման մասին։
Դելֆի վերջին ակումբը «Էվերթոնն» էր, որի հետ նրա պայմանագիրը ավարտվել է նախորդ մրցաշրջանի վերջում։ Գուդիսոն Պարկում երկու տարվա ընթացքում Ֆաբիանը վնասվածքի պատճառով անցկացրել է ընդամենը 21 հանդիպում։
Նաև Դելֆը հնարավորություն է ստացել խաղալ «Մանչեսթեր Սիթիում», «Ասթոն Վիլայում» և «Լիդսում», իսկ Ֆաբիանը 20 մենամարտ է անցկացրել անգլիայի հավաքականի կազմում։
Ընդհանուր առմամբ, Դելֆն իր կարիերայի ընթացքում Պրեմիեր լիգայում անցկացրել է 204 հանդիպում՝ երկու տիտղոս նվաճելով «Սիթիի» հետ։
«Այս գեղեցիկ խաղը ինձ միայն ուրախություն և երախտագիտություն է պարգևել, և ես այսօր հայտարարում եմ կարիերայիս ավարտի մասին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում իմ ընտանիքին, ընկերներին, խաղացողներին և անձնակազմին այն հիանալի ակումբներից, որոնց բախտ եմ ունեցել ներկայացնել և երկրպագուների աջակցությունը ստանալ»,- ասել է Դելֆը: