Ամռանը «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակը կդառնա «Սաութհեմպտոնի» ավագ Ադամ Լալանան: Մերսիսայդյան ակումբը պատրաստ է լուրջ համալրումների: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «կարմիրները» մտադիր են մինչև հինգ նոր ֆուտբոլիստ գնել:
Բրենդան Ռոջերսի թիմի գլխավոր տրանսֆերային նպատակ կարելի է համարել 25-ամյա Լալանային, ով «Սաութհեմպտոնում» է 2000 թվականից, սակայն այս մրցաշրջանում ապացուցել է առաջ քայլ անելու իր պատրաստակամությունը:
Հարձակվողական ոճի կիսապաշտպանը ոչ միայն բարձր մակարդակով ելույթներ է ունենում ակումբում, այլ նաև արժանացել է Անգլիայի հավաքական հրավիրվելուն: Հավանական է, որ նա աշխարհի 2014թ-ի առաջնությանը կմասնակցի որպես «երեք առյուծների» հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Մեկ այլ հեղինակավոր պարբերականի՝ Daily Mail-ի հաղորդմամբ, Լալանան տեղյակ է «Լիվերպուլի» հետաքրքրության մասին, և այդ տարբերակը նրան դուր է եկել: Ադամը պատրաստ է մերժել «Մանչեսթեր Յունայթեդին» և տեղափոխվել «Էնֆիլդ»: