«Լիվերպուլը» ուշադիր հետևում է «Արսենալի» կիսապաշտպան Թեո Ուոլկոտի ապագայի հետ կապված իրադարձությունների զարգացմանը, ում դիտարկում է որպես Ռահիմ Ստերլինգին պոտենցիալ փոխարինող:
«Զինագործների» հետ 26-ամյա Ուոլկոտի ներկայիս պայմանագրի լրանալուն մնացել է մոտ մեկ տարի: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն արդեն խոստովանել է, որ Թեոյի պայմանագրի երկարաձգման հարցն այնքան էլ հեշտ չի լինելու:
Ուոլկոտն իր երկար սպասված վերադարձից հետո գրեթե խաղալու հնարավորություն չի ստանում: Աջ եզրում Վենգերը նախընտրում է տեսնել Դենի Ուելբեքին կամ Ալեքսիս Սանչեսին:
Միաժամանակ 20-ամյա Ստերլինգը մինչ այժմ չի կարողանում համաձայնության գալ «Լիվերպուլի» հետ իր նոր պայմանագրի հարցում: Գաղտնիք չէ, որ տաղանդավոր անգլիացին գտնվում է Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի», «Բավարիայի» և «Չելսիի» ուշադրության կենտրոնում: Մերսիսայդյան ակումբը ստիպված Ստերլինգին փոխարինողի տարբերակներն է քննարկում:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «կարմիրներն» այժմ դիտարկում են Ուոլկոտի թեկնածությունը, ով ունի այն արագությունը, ինչ Ստերլինգը և կարող է խաղալ եզրում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հարձակման սուր ծայրում:
Աղբյուրի հաղորդմամբ, Թեոյի հանդեպ «Լիվերպուլի» հետաքրքրությունը պարտադիր չէ, որ կապված լինի Ռահիմի հետ: Չի բացառվում, որ Ուոլկոտը, ով մանկուց երկրպագել է «կարմիրներին», փոխարինի Մարիո Բալոտելլիին, ով ամռանն, ամենայն հավանականությամբ, կլքի «Էնֆիլդը»:
Նշենք, որ մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Ուոլկոտի մեծ երկրպագուն է: 2013թ-ին «Լիվերպուլը» փորձեց գնել Թեոյին, սակայն այդ ժամանակ Ուոլկոտը նոր պայմանագիր ստորագրեց «Արսենալի» հետ: