Ինչպես հայտնի է դառնում Sky Sports-ից, «Լիվերպուլը» լրջորեն պատրաստվել է գնել «Սաութհեմպտոնի» ավագ Ադամ Լալանային:
25-ամյա վինգերը փայլուն անցկացրեց ընթացիկ մրցաշրջանը: Առջևում Ադամին սպասվում է Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը, որտեղ, շատերի կարծիքով, նա կխաղա Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում:
Լալանան ընթացիկ մրցաշրջանի 37 խաղում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ և այդ ցուցանիշով Պրեմիեր Լիգայի կիսապաշտպաններից զիջում է միայն Յայա Տուրեին, Սթիվեն Ջերարդին և Էդեն Ազարին: Ընդհանուր առմամբ, Ադամն իր խաղընկերների համար 69 գոլային պահ է ստեղծել:
Աղբյուրի հաղորդմամբ, Լալանան «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի գլխավոր տրանսֆերային նպատակն է: Հաղորդվում է նաև, որ «կարմիրները» մտադիր են գործարքն ավարտին հասցնել մինչև աշխարհի առաջնությունը: