«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է «Սևիլիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Խեսուս Նավասի տրանսֆերը ձեռք բերելու մասին:
Որոշ աղբյուրների համաձայն, 27-ամյա ֆուտբոլիստի համար մանչեսթերյան ակումբը վճարել է 14.9 մլն ֆունտ՝ գումարած բոնուսները: Նավասի ներկայացումը «քաղաքայինները» կատարել են Նյու-Յորքում, որտեղ նա իր ազգային հավաքականի հետ պատրաստվում է Կոնֆեդերացիայի գավաթին:
-«Մանչեսթեր Սիթին» հետաքրքիր նախագիծ ունի և այժմ ճիշտ պահն է տեղափոխության համար: Պրեմիեր Լիգայում արագ ֆուտբոլ է, և ես անհամբեր սպասում եմ առաջնության մեկնարկին:
Ես եկել եմ մեծ ակումբ և ցանկանում եմ շարունակել զարգանալ: «Սիթին» ինձ համար շատ բան արեց և ես դրա համար շնորհակալ կլինեմ դաշտում,- հայտնել է Նավասը:
Ավելացնենք, որ Նավասը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «քաղաքայինների» երկրորդ ձեռքբերումն է: Մինչ այդ Մանուել Պելեգրինիի ապագա թիմին էր միացել Ֆերնանդինյոն: