«Մանչեսթեր Սիթիի»՝ «Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի ծառայություններով հետաքրքրվելու մասին լուրերը շարունակում են զարգացում ապրել: Երկուշաբթի օրը «քաղաքայինների» սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնը Մադրիդում հանդիպել է չիլիացի մասնագետի գործակալի հետ: Այս մասին հայտնում է AS -ը:
«Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ընթացիկ մրցաշրջանում չկարողացավ պաշտպանել չեմպիոնական տիտղոսը: Բացի այդ, թիմը ձախողեց ելույթները Չեմպիոնների Լիգայում: Այդ իսկ պատճառով ակումբի իսպանացի տնօրենները՝ Բեգիրիստայնն ու Ֆերան Սորիանոն, մտածում են իտալացի մասնագետից բաժանվելու մասին:
Երկար ժամանակ է, ինչ խոսվում է «Սիթիի»՝ Պելեգրինիի նկատմամբ հետաքրքրության մասին: Այժմ արդեն հայտնի է դարձել, որ գործակալ Խեսուս Մարտինեսը հանդիպել է Բեգիրիստայնի հետ:
Հայտնի է, որ Բեգիրիստայնը չիլիացու տաղանդի երկրպագուն է: Ժամանակին Չիկին փորձել է նույնիսկ Պելեգրինիին հրավիրել «Բարսելոնա»: