«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին և «Սուոնսիի» վինգեր Անդրե Այուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզիչ և լավագույն ֆուտբոլիստ՝ համապատասխանաբար։
Մրցաշրջանի մեկնարկային չորս տուրում Պելեգրինիի սաները չորս հաղթանակ են տարել՝ խփելով 10 գոլ և սեփական դարպասը պահելով անառիկ։ Ակնհայտ է, որ օգոստոսի սկզբին ստորագրած նոր պայմանագրով չիլիացու կարիերայում նոր փուլ է սկսվում։
-Այս մրցանակը խոսում է այն մասին, որ ֆուտբոլիստներն իրենց աշխատանքն անում են այնպես, ինչպես ես եմ պահանջում։ Մենք լավ ավարտեցինք նախորդ մրցաշրջանը և շատ կարևոր էր նույն կերպ սկսել նոր մրցաշրջանը,- ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Պելեգրինին։
Պրեմիեր Լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին է հասել «Սուոնսիի» նորեկ Անդրե Այուին։ Գանացին, որ այս ամառ «կարապներին» միացավ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, նախորդ ամիս խփած երեք գոլով իր թիմին օգնեց վստահ սկսել նոր մրցաշրջանը։