Տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Ստոկ Սիթին» կատարեց երկու կարևոր ձեռքբերում: Երեկ «Բրիտանիա» տեղափոխվեցին «Դալասի» վինգեր Բրեկ Շին և «Բիրմինգհեմի» դարպասապահ Ջեկ Բուտլանդը:
ԱՄՆ-ի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստ Շին «Ստոկ» տեղափոխվեց 2.5 մլն ֆունտով: Բրեկը ակումբի հետ ստորագրել է 4.5 տարվա պայմանագիր:
«Ստոկ Սիթիի» երկրորդ նորեկը «Բիրմինգհեմի» 19-ամյա դարպասապահ Ջեկ Բուտլանդն է: Գործարքը արժեցել է 3.3 մլն ֆունտ: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը» և «Նյուքասլը»:
«Ստոկը» երեկ ևս մեկ ձեռքբերում ունեցավ: Ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալեց «Բրայթոնի» 33-ամյա պաշտպան Մեթյու Ապսոնին: Ընթացիկ մրցաշրջանում վետերանը մասնակցել է ընդհամենը 2 խաղի: