«Սուոնսի Սիթին» պաշտոնապես հայտնել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջոնջո Շելվիի ձեռքբերման մասին: Գործարքը ուելսյան ակումբի համար արժեցել է 5 մլն ֆունտ:
Անգլիայի երիտասարդական հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը «կարապների» հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել: Հաղորդվում է, որ բացի 5 մլն ֆունտը, «Լիվերպուլը» լրացուցիչ գումարներ կստանա, եթե Ջոնջոն հաջող հանդես գա «Սուոնսիում»:
Ջոնջոն դարձավ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Միքայել Լաուդրուպի թիմի չորրորդ նորեկը:
Ավելացնենք, որ նախորդ մրցաշրջանում Շելվին «կարմիրների» կազմում մասնակցել է 32 հանդիպման, որից 10-ը՝ Եվրոպա Լիգայում: Անցած տարվա հոկտեմբերին Ջոնջոն իր նորամուտը նշեց նաև Անգլիայի ազգային հավաքականում: