Բուկայո Սական կդառնա «Արսենալի» պատմության մեջ երրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, երբ նա նոր պայմանագիր ստորագրի:
21 ամյա Սական հիանալի մրցաշրջան է անցկացնում՝ դառնալով առաջին խաղացողը, ով Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում երկնիշ թվեր է գրանցել և՛ գոլերում, և՛ գոլային փոխանցումներում, իսկ անցյալ կիրակի Անգլիայի՝ Ուկրաինայի դեմ խաղում Բուկայոն գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց Հարի Քեյնին (2:0):
Սակայի գործող պայմանագիրն ավարտվում է 2023/24 մրցաշրջանի վերջում, իսկ նախորդ ամիսներին մամուլում պարբերաբար խոսակցություններ էին պտտվում Բուկայոյի՝ տարբեր թոփ ակումբների, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթիի» տեղափոխման մասին:
Այնուամենայնիվ, Daily Mail-ը կարող է հաստատել, որ Սական ցանկանում է մնալ «Արսենալում» և իր հարազատ ակումբի հետ խաղալ Չեմպիոնների լիգայում: Բուկայոն արդեն սկզբունքային համաձայնության է եկել «զինագործների» հետ նոր գործարքի շուրջ։
Բոնուսների և հավելավճարների շնորհիվ Սական նոր պայմանագրից տարեկան կարող է ստանալ գրեթե 15 միլիոն ֆունտ ստերլինգ կամ շաբաթական մոտ 300 հազար ֆունտ:
Այսպիսով, Սական կդառնա Միկել Արտետայի թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը և «Արսենալի» պատմության մեջ երրորդ ամենաբարձր վարձատրվողը՝ Մեսութ Օզիլից և Պյեր-Էմերիկ Օբամեյանգից հետո, որոնց ժամանակին լոնդոնյան ակումբը շաբաթական 350.000 ֆունտ էր վճարում: