«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը և «Վեստ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի փետրվար ամսվա համապատասխանաբար լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ:
Նախորդ ամիս կայացած բոլոր խաղերում Սթարիջը գոլի հեղինակ է դարձել՝ մեկական անգամ աչքի ընկնելով «Արսենալի», «Վեստ Բրոմվիչի» և «Ֆուլհեմի» դեմ խաղերում: Իսկ «Սուոնսիի» դեմ խաղում Դանիելը դարձավ դուբլի հեղինակ: Փետրվարին «Լիվերպուլը» 12 հնարավորից վաստակել է 10 միավոր՝ ամրապնդելով իր տեղը լավագույն քառյակում:
Փետրվարը հաջող ամիս էր նաև «Վեստ Հեմի» համար: Էլլարդայսի սաները չորս խաղում չորս հաղթանակ են տարել՝ ընդհանուր 9:1 հաշվով:
Փետրվարին մայրաքաղաքը ներկայացնող ակումբը հաղթել է «Սուոնսիին», «Աստոն Վիլլային», «Նորվիչ Սիթիին» և «Սաութհեմպտոնին», ինչի շնորհիվ գործնականում ապահովել է իր տեղը Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում:
Այս պահին «Վեստ Հեմը» 31 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: