«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը խոստովանել է, որ ամռանն իր գլխավոր նպատակն է լինելու գնել այնպիսի հարձակվողի, ով կկարողանա նվազեցնել իսպանացի Միչուի ծանրաբեռնվածությունը:
Անցած ամռանը «Սուոնսին» անհավանական գործարք կատարեցին՝ ձեռք բերելով 27-ամյա Միչուին ընդամենը 2 մլն ֆունտով: Մինչ այսօր ֆուտբոլիստը դարձել է 18 գոլի հեղինակ Պրեմիեր Լիգայում և օգնել թիմին հաղթել Լիգայի գավաթում:
-Դժվար է, որովհետև նախ բոլորը ցանկանում են գոլ խփող խաղացողներ, և երկրորդ, այսպիսի խաղացողները թանկ արժեն: Կկարողանա՞նք մենք ձեռք բերել ևս մեկ Միչուի: Ես նման հույս ունեմ, սակայն մեզ համար հեշտ չի լինելու:
Այո, կան ֆուտբոլիստներ, ում ցանկանում ենք ձեռք բերել, սակայն այլ ակումբներ նույնպես ցանկանում են նրանց գնել, իսկ մենք ֆինանսապես ամենաապահովվածը չենք Պրեմիեր Լիգայում: Չեք կարող վստահ լինել, որ կոպեկներով կգտնեք ռմբարկուի: Մենք դա արեցինք նախորդ տարի, սակայն ամեն անգամ լոտոյով չեք շահի,- հայտնել է մասնագետը: ESPN