Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում: «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Լիվերպուլին»: Վիլաշ-Բոաշի սաները վստահ սկսեցին խաղը և արդեն 7-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Գարեթ Բեյլը ձախ եզրով փայլուն անցում կատարեց՝ գնդակը ուղարկելով «Լիվերպուլի» տուգանային հրապարակ: Լենոնին այլ բան չէր մնում, քան գնդակը ուղարկել Ռեյնայի դարպասը՝ 1:0: Իսկ արդեն 16-րդ րոպեին Բեյլը հուժկու հարվածով կրկնապատկեց հաշիվը՝ 2:0: Առաջին խաղակեսի մնացած հատվածում «Լիվերպուլը» մի քանի վտանգավոր պահ ստեղծեց: Երկու անգամ փայլուն խաղաց Ուգո Լյորիսը, մեկ անգամ էլ «կարմիրների» բախտը չբերեց:
Երկրորդ խաղակեսի սկիզբը «Լիվերպուլը» ակտիվ սկսեց, սակայն «Տոտենհեմը» կարողացավ գրագետ պաշտպանվել: «Լիվերպուլը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը 72-րդ րոպեին: Ինքնագոլի հեղինակ դարձավ Գարեթ Բեյլը՝ 2:1:
Գոլից հետո «Լիվերպուլը» ամբողջ թիմով նետվեց գրոհի և մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր էր ստեղծում Ուգո Լյորիսի դարպասի մոտ: Սակայն այդպես էլ թիմերը չկարողացան փոփոխություն մտցնել հաշվի մեջ: «Տոտենհեմը» հաղթեց անչափ դժվար խաղում:
Գոլեր. Ահարոն Լենոն՝ 7ր, Գարեթ Բեյլ՝ 16ր, Գարեթ Բեյլ՝ 72ր