Քաթարական հեռահաղորդակցության հսկա Ooredoo-ն կարող է դառնալ «Լիվերպուլի» և ակումբային մարզադաշտ «Էնֆիլդի» անվանական հովանավորը:
Այս պահին «կարմիրների» մարզաշապիկներին գրված է Standard Chartered բանկի բրենդը: Ըստ այդ գործարքի՝ ակումբը տարեկան 20 մլն ֆունտ է ստանում: Համաձայնագրին մնացել է 18 ամիս, և «Լիվերպուլն» այս պահին բանակցում է Standard Chartered-ի հետ նոր պայմանագրի շուրջ: Եթե կողմերը համաձայնության չգան, ապա թիմի անվանական հովանավորն ամենայն հավանականությամբ կդառնա Ooredoo ընկերությունը:
-Մեր նպատակն է դառնալ պատմություն ունեցող անգլիական որևէ մեծ ակումբի հովանավոր: Մեր ուսումնասիրությունները վերաբերվում էին «Արսենալին» և «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն նրանք երկարամյա հովանավորչական պայմանագրեր ունեն: Նույնը նաև «Մանչեսթեր Սիթին»: Հետևաբար, «Լիվերպուլը» միակ հասանելի տարբերակն է այս պահին:
Ցանկանում ենք ամբողջությամբ աջակցել ակումբին: Ցանկանում ենք վերանվանել մարզադաշտը, եթե դա հնարավոր է, և տեղադրել մեր անունը ակումբի մարզաշապիկների վրա: Մեր նպատակն է դուրս գալ ասիական շուկա, որտեղ Պրեմիեր Լիգան հսկայական հռչակ է վայելում,- հայտնել է Ooredoo-ի ներկայացուցիչը Al Jeezera-ին տված հարցազրույցի ժամանակ: