«Արսենալն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչին և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեին: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:
Այդ իսկ պատճառով ակումբը պատրաստ է փոխել աշխատավարձերի կառուցվածքը:
Ինչպես հայտնի է, «զինագործները» գրեթե ամեն տարի կորցնում են առաջատար խաղացողներին, քանի որ չեն կարողանում իրագործել իրենց ֆինանսական պահանջները: Դրա գլխավոր պատճառներից մեկն աշխատավարձերի փքված ֆոնդն է, որը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գտնվում է գրեթե նույն մակարդակի վրա:
Այս պահին լոնդոնյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները Թեո Ուոլկոտն ու Լուկաս Պոդոլսկին են, որոնք շաբաթական ստանում են մոտ 100 հազար ֆունտ: Սակայն աշխատավարձերի կառուցվածքը փոփոխելուց հետո լոնդոնցիները կարող են առաջարկել իրենց պոտենցիալ նորեկներին ավելի շահավետ պայմաններ:
Մասնավորապես Յովետիչի և Գյոտցեի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, որը կարող է նրանց շաբաթական 140 հազար ֆունտ աշխատավարձ առաջարկել:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պաշտպան Սեբաստյան Սկիլաչին և վինգեր Անդրեյ Արշավինը կհեռանան «Արսենալից»: Այսպիսով, «զինագործները» կկարողանան տնտեսել տարեկան 6.5 մլն:
Հիշեցնենք, որ ամռանն «Արսենալը» հնարավոր է ծախսի մոտ 70 մլն ֆունտ տրանսֆերների վրա: