
Դարպասապահ Դավիդ Դե Խեան մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր պայմանագրի սկզբնական առաջարկը։
Ինչպես գիտեք, Դե Խեայի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, և «Յունայթեդը» չի շտապում օգտագործել այն 12 ամսով երկարաձգելու իր տարբերակը։
«Յունայթեդը» պատրաստ է պահել Դավիդին, բայց միայն այն դեպքում, եթե նա շաբաթական 375,000 ֆունտ ստեռլինգ աշխատավարձի էական կրճատում կատարի: 32 ամյա իսպանացին ներկայումս Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրույնեի հետ միասին:
«Յունայթեդի» առաջին առաջարկը դուր չի եկել Դե Խեային, հաղորդում է The Athletic-ը, սակայն բանակցությունները շարունակվում են, և երկու կողմերն էլ ակնկալում են, որ վաղ թե ուշ փոխզիջման կգան:
Դե Խեան ցանկանում է մնալ «Յունայթեդում» և, որ ամենակարևորն է, ունի «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի համակրանքը, չնայած նրան, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Տեն Հագը մտածում է մեկ այլ դարպասապահի հրավիրելու մասին: