Այսօր երեկոյան Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կխաղարկվի ընթացիկ մրցաշրջանի առաջին տիտղոսը՝ Լիգայի գավաթը, որի համար եզրափակիչ են հասել «Բրեդֆորդը» և «Սուոնսի Սիթին»: Բացի այդ թիմերը պայքարելու են հաջորդ մրցաշրջանում Եվրոպա Լիգայի ուղեգիր ձեռք բերելու համար:
«Բրեդֆորդին» իրավամբ կարելի է համարել այս մրցաշարի գլխավոր հայտնությունը: Անգլիայի երկրորդ լիգայում հանդես եկող թիմը եզրափակիչ հասնող ճանապարհին պայքարից դուրս թողեց Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Ուիգանին», «Արսենալին» և «Աստոն Վիլլային»:
«Բրեդֆորդը» Լիգայի գավաթի խաղարկությունում իր ելույթները սկսեց դեռ օգոստոսին և դարձավ չորրորդ դիվիզիոնի երկրորդ թիմը, որին հաջողվել է հասնել գավաթի եզրափակիչ: 1962թ-ին այդ ճանապարհը անցել է նաև «Ռոչդեյլը»:
Այսօրվա խաղը կդառնա 1911թ-ից հետո «Բրեդֆորդի» ամենանշանակալից խաղը: Հենց այդ թվականին է «Բրեդֆորդը» վերջին անգամ տիտղոս նվաճել՝ Անգլիայի գավաթի եզրափակչում հաղթելով «Նյուքասլ Յունայթեդին»:
Ոչ պակաս պատմական իրադարձություն է նաև «Սուոնսի Սիթիի» համար: Իր ողջ պատմության ընթացքում ուելսյան թիմը ոչ մի տիտղոս չի նվաճել անգլիական ֆուտբոլում:
«Սուոնսին» այս խաղում չի կարող օգտնվել իր հուսալի պաշտպան Չիկո Ֆլորեսի ծառայություններից, ով այդպես էլ չկարողացավ ապաքինվել վնասվածքից:
«Կարապների» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը արդեն հայտնել է, որ այս խաղում թիմի դարպասը կվստահվի փորձառու Ջերարդ Թրեմելին:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին:
Մեր կանխատեսումը՝ 0:2