«Լիվերպուլը» պատրաստվում է իր գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին ավելի լավ պայմաններով նոր պայմանագիր առաջարկել:
Վերջին ամիսներին Ռոջերսը մեծ հաջողությունների է հասել «Էնֆիլդում» և դա կապված է ոչ միայն «Լիվերպուլի»՝ առաջին տեղում հայտնվելու հետ: Բրենդան Ռոջերսը զգալիորեն կարգավորել է աշխատավարձերի քաղաքականությունը՝ ազատվելով բարձր վարձատրվող, բայց քիչ օգտակար ֆուտբոլիստներից, ինչպես նաև որոշելով Լուիս Սուարեսի ապագայի հետ կապված հարցերը, ով օրեր առաջ երկարաձգեց պայմանագիրը «Լիվերպուլի» հետ:
Ռոջերսի ներկայիս պայմանագիրը կլրանա 18 ամսից: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, 40-ամյա մարզչի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Տոտտենհեմը»: Լոնդոնյան ակումբն արդեն Թիմ Շերվուդին հաստատել է գլխավոր մարզչի պաշտոնում, սակայն ամռանը կփորձի ձեռք բերել Ռոջերսին:
Հաղորդվում է, որ «Լիվերպուլն» արդեն բանակցություններ է սկսել Ռոջերսի նոր պայմանագրի համար: Համաձայնության դեպքում հյուսիսիռլանդացին կվաստակի տարեկան 2 մլն ֆունտ: