Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Արսենալը» և չորրորդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլը»:
Մերսիսայդցիներն այժմ ունեն 47 միավոր և 5-րդ տեղում գտնվող «Էվերթոնից» առաջ են ընդամենը 1, իսկ 6-րդ տեղում գտնվող «Տոտտենհեմից»՝ 3 միավորով: Այս երկու ակումբներն էլ միմյանց կհանդիպեն վաղը:
Նմանատիպ իրավիճակում է նաև «Արսենալը», որն ընդամենը 2 միավոր ավել ունի իրեն հետապնդող «Մանչեսթեր Սիթիից» և «Չելսիից»: Ուստի թիմերին անհրաժեշտ է միայն հաղթանակ: Ոչ ոքի արդյունքը ձեռնտու կլինի մրցակիցների համար:
Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 214 անգամ և առավելությունը «կարմիրների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 82-ում: 56 անգամ գրանցվել է ոչ ոքի և 76 խաղում ուժեղ են գտնվել լոնդոնցիները:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:45-ին:
Մեր կանխատեսումը՝ 1:1: