Fenway Sports Group-ից «Լիվերպուլի» ղեկավարները պաշտոնապես հայտարերել են, որ բացառում են այս ամռանը բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հեռանալը «Էնֆիլդից»։
Ինչպես գիտենք, «կարմիրները» մերժեցին 25-ամյա ֆուտբոլիստի համար արված «Բարսելոնայի» արդեն երկրորդ առաջարկը։ Լուրերի համաձայն, կատալոնական ակումբը պատրաստում էր իր երրորդ առաջարկը։
Չսպասելով «Բարսելոնայի» հերթական առաջարկին՝ FSG֊ն պաշտոնական հայտարարություն է արել Ֆիլիպեի ապագայի հետ կապված։ Ակումբի ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, որը մտադիր է պահել ֆուտբոլիստին։
«Մենք ցանկանում ենք հստակություն մտցնել Կոուտինյոյի հավանական տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակում։ Ակումբի վերջնական դիրքորոշումն այն է, որ Ֆիլիպեի համար արված որևէ առաջարկ որևէ պարագայում չի դիտարկվի և նա կշարունակի մնալ «Լիվերպուլում»,֊ ասված է FSG֊ի հայտարարության մեջ։