Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Հալկը հաստատել է, որ «Չելսին» իսկապես հետաքրքրված է իրենով:
Այս շաբաթ մամուլում տեղեկություն հայտնվեց, որ «կապույտների» նոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է 35 մլն ֆունտ տրամադրել Հալկին ձեռք բերելու համար: Նաև նշվում էր, որ Բրազիլիայի հավաքականի խաղացողին այնքան էլ դուր չի գալիս կյանքը ռուսական ակումբում և նա ցանկանում է որքան հնարավոր է շուտ Եվրոպա տեղափոխվել:
Հիմա Հալկը Բրազիլիայի հավաքականի հետ պատրաստվում է Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը: Հարձակվողը, ում «Զենիթը» ձեռք բերեց 2012թ-ին «Պորտուից» 50մլն ֆունտով, ակնարկել է, որ իր տեղափոխությունը «Սթեմֆորդ Բրիջ» հնարավոր է:
-Եթե ես ասեմ, որ նման բան չկա, ապա դա ճիշտ չի լինի: Բայց հիմա դրա ժամանակը չէ: Ներկա պահին ես 100 տոկոսով կենտրոնացած եմ հավաքականի վրա:
Ես եկել եմ, որպեսզի պատվով կրեմ հավաքականի մարզաշապիկը: Իմ ընկերները և ընտանիքը հետևում են ինձ: Ես հույս ունեմ հաղթել Կոնֆեդերացիայի գավաթը,- հայտնել է Հալկը Globo Esporte-ին: