«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատել է Լուի վան Գալի նշանակումը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Հոլանդացի մասնագետի հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրվել:
Այս պահին վան Գալը Հոլանդիայի ազգային հավաքականին պատրաստում է Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այս պարագայում, 62-ամյա մարզիչը «Յունայթեդում» իր աշխատանքը կսկսի մունդիալից հետո:
Ինչպես և սպասվում էր, «Օլդ Թրաֆորդում» նրա օգնականը կլինի Ռայան Գիգգսը, ով թիմը մարզում էր մրցաշրջանի վերջին խաղերում: Վան Գալին կօգնեն նաև Ֆրանս Հուկը և Մարդել Բուտը:
-Ես միշտ ցանկացել եմ աշխատել Պրեմիեր Լիգայում: Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, և ես շատ հպարտ եմ, որ դարձա այդ ակումբի մարզիչը:
Նախկինում էլ եմ եղել «Օլդ Թրաֆորդում» և գիտեմ, թե ինչ մեծ աջակցություն են ցուցաբերում երկրպագուները: Սա մեծ ամբիցիաներ ունեցող ակումբ է, և ես էլ եմ ամբիցիոզ: Համոզված եմ, որ միասին մենք պատմություն ենք կերտելու,- մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է վան Գալը: