«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնեց «Շալկե-04»-ի վինգեր Լերոյ Սանեին գնելու մասին։ Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, գործարքը «քաղաքայինների» համար արժեցել է 42 մլն ֆունտ։
Եվրո-2016-ից Գերմանիայի հավաքականի դուրս մնալուց անմիջապես հետո «Սիթին» բանակցություններ սկսեց Սանեի տրանսֆերի հետ կապված, ով Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում դարձել է 8 գոլի հեղինակ։
Այսօր «Էթիհադի» ակումբը 5 տարվա պայմանագիր ստորագրեց 20-ամյա գերմանացու հետ, որից հետո պաշտոնապես ներկայացրեց նրան որպես «Սիթիի» ֆուտբոլիստ։
-«Մանչեսթեր Սիթիին» միանալու գլխավոր պատճառներից մեկը Պեպ Գվարդիոլան է։ Նա ինձ համոզեց տեղափոխվել այստեղ և շարունակել իմ աճն այս ակումբում։ Ես գիտեմ, որ շատ բան կսովորեմ նրանից և առաջ քայլ կանեմ իմ կարիերայում։
Ես Պեպի աշխատանքին հետևել եմ «Բարսելոնայում» և «Բավարիայում», որտեղ նա երիտասարդ ֆուտբոլիստների հետ մեծ հաջողությունների է հասել։ Կարծում եմ՝ նա ինձ կօգնի դառնալ ավելի կատարյալ ֆուտբոլիստ,֊ «Սիթիի» պաշտոնական կայքին հայտնել է Սանեն։