«Սուոնսի Սիթիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը խոստովանել է, որ իրեն հաճելի է լսել Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին, սակայն ինքը նախընտրում է մնալ ուելսյան ակումբում:
«Ռեալը» ոչ միայն աշխարհի լավագույն ակումներից մեկն է, այլ նաև հատուկ նշանակության ակումբ է Լաուդրուպի համար: Դանիացի մասնագետը «արքայական ակումբում» է խաղացել 1994-96թթ-ին:
Համաձայն AS պարբերականի անցկացրած հարցման արդյունքների, «Ռեալի» երկրպագուների համար Մոուրինյոի հեռանալու դեպքում ամենացանկալի մարզիչը համարվել է Միքայել Լաուդրուպը: Միքայելը հավաքել է 73% ձայն և առաջ է անցել Ռաֆայել Բենիտեսից և Կառլո Անչելոտիից:
Սակայն այսօր պարզ դարձավ, որ «Ռեալը» պետք է ևս մեկ տարի սպասի:
-Ինձ համար մեծ հպարտություն է լինել մի ցուցակում Բենիտեսի և Անչելոտիի հետ: Նրանք հաղթել են Իտալիայի, Իսպանիայի առաջնություններում և Չեմպիոնների Լիգայում:
Սակայն ես չեմ կարող այլևս այդ մասին խոսել: Լուրեր միշտ էլ եղել են: Ես կարող եմ կրկնել այն, ինչ ասել եմ առաջ: Ես ցանկանում եմ շարունակել աշխատել «Սուոնսիում»: Կարող եմ վստահ ասել, որ հաջորդ մրցաշրջանում էլ ես կմարզեմ այս ակումբը,- ասել է Լաուդրուպը: Sky Sports