«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Ռուի Ֆարիան «Սանդերլենդի» դեմ խաղում ոչ մարզական պահվածքի պատճառով որակազրկվել է վեց խաղով: «Կատուների» դեմ տնային այդ խաղում, որտեղ «Չելսին» անակնկալ պարտություն կրեց և գործնականում դուրս մնաց չեմպիոնական պայքարից, Ֆարիան պատրաստ էր հարձակվել մրցավար Մայք Դինի վրա:
«Չելսիի» ֆիզիկական պատրաստության մասնագետը ոչ ցենզուրային արտահայտություններ է արել Դինի հասցեին, ինչի արդյունքում ֆուտբոլի Անգլիայի ասոցիացիան միանգամից երկու մեղադրանք է առաջադրել:
Ֆարիան չի ժխտում իր մեղավորությունը, և «Չելսիի» մարզչական նստարանին չի լինի առաջիկա վեց խաղերի ընթացքում: Բացի այդ, Մոուրինյոյի օգնականը կվճարի 30 հզր ֆունտ: