«Սելտայի» հարձակվող Նոլիտոյի առաջիկա տրանսֆերը կարող է կասկածի տակ դնել «Մանչեսթեր Սիթիում» Սամիր Նասրիի և Խեսուս Նավասի ապագան։
Սպասվում է, որ շաբաթվա վերջին «քաղաքայինները» կակտիվացնեն «Սելտայի» հետ Նոլիտոյի պայմանագրի տրանսֆերի գնման կետը, որի արժեքը ֆիքսված է 13.8 մլն ֆունտ։
Ինչպես հաղորդում է Manchester Evening News֊ը, դա մեծ կասկածի տակ կդնի «Էթիհադում» 29-ամյա Նասրիի կարիերան։ «Սիթիի» նոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ռոտացիայի կողմնակից չէ, ուստի հենց Սամիրը կարող է դառնալ Նոլիտոյի գործարքի մաս և լքել ակումբը։
Իր հերթին իտալական Calciomercato պարբերականը վստահեցնում է, որ «քաղաքայինները» դռան կողմը ցույց կտան 30֊ամյա Նավասին։ Իսպանացին ձախողեց արդեն ավարտված մրցաշրջանը, սակայն նրանով հետաքրքրվում են «Միլանը» և «Ինտերը»։ Խեսուսի տրանսֆերը գնահատվում է 10 մլն ֆունտ։