«Չելսին» պատրաստվում է ամռանը վաճառել իր բոլոր չորս հարձակվողներին՝ Ռոմելու Լուկակուին, Դեմբա Բային, Ֆերնանդո Տորրեսին և Սամուել Էտո՚Օյին:
«Կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հիասթափությունն իր հարձակվողներից չորեքշաբթի օրը հասավ գագաթնակետին, երբ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում «Չելսին» 3:1 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Մոուրինյոն պատրաստ է բաժանվել իր բոլոր հարձակվողներից: Ստացված գումարով պորտուգալացի մարզիչը ցանկանում է գնել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստային և Մարիո Մանջուկիչին, ով մրցաշրջանի ավարտից հետո ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ձեռք կբերի:
Արդեն հայտնի է, որ 20-ամյա Լուկակուն, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Էվերթոնում», իր համար նոր ակումբ է փնտրում: Ինչ վերաբերվում է Տորրեսին, ապա իսպանացի հարձակվողն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Ատլետիկո»: Ամռանը «Սթեմֆորդ Բրիջը» կլքեն նաև Դեմբա Բան և փորձառու Էտո՚Օն: