«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը ուսի վնասվածքի պատճառով մինչև մրցաշրջանի ավարտը դաշտ դուրս չի գա: Մրցաշրջանի մնացած հատվածում կարող է բացակայել նաև «կապույտների» պաշտպան Ջոն Թերրին:
Երկու ֆուտբոլիստներն էլ այդ վնասվածքները ստացել են «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների Լիգայի առաջին կիսաեզրափակիչ խաղում: Չեխը խաղի 18-րդ րոպեին բախվեց դարպասաձողին և ստիպված փոխարինվեց: Ինչպես հայտնում է AS պարբերականը, իսպանացի բժիշկները Պետրի մոտ ախտորոշել են ուսի հոդախախտում: Այս պարագայում, մրցաշրջանի մնացած խաղերում «Չելսիի» դարպասը կպաշտպանի Մարկ Շվարցերը:
Ինչ վերաբերվում է Թերրիին, ապա նրա մոտ կոճի վնասվածք է: Միակ խաղը, որին «ազնվականների» ավագը տեսականորեն կարող է մասնակցել, դա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն է, որը կկայանա մայիսի 24-ին:
-Պետր Չեխի համար մրցաշրջանն ավարտված է: Տեխնիկական մանրամասների մասին ինձ մի հարցրեք: Իսկ Ջոնի համար պետք է հասնենք եզրափակիչ, որ նա կարողանա միանալ մեզ,- ասել է Ժոզե Մոուրինյոն: Sky Sports