«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի ապրիլ ամսվա լավագույն մարզիչ և լավագույն ֆուտբոլիստ՝ համապատասխանաբար։
Նախորդ ամիս Ռանիերիի սաները տարան 3 հաղթանակ և մեկ խաղ ավարտեցին ոչ ոքի։ Այդ արդյունքի շնորհիվ «աղվեսները» առաջնության ավարտից 2 տուր առաջ ապահովեցին իրենց չեմպիոնական տիտղոսը։
Լավագույն մարզչի համար պայքարում Ռանիերին շրջանցեց իր երեք կոլեգաներին՝ Մանուել Պելեգրինիին, Յուրգեն Կլոպին և Սեմ Էլլարդայսին։
Իր հերթին ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացավ Սերխիո Ագուերոն։ Նախորդ ամիս արգենտինացին խփեց 7 գոլ, որից 3-ը «Չելսիի» դարպասին։
Նշենք, որ Ագուերոյի հետ այս մրցանակի համար պայքարում էին «Վեստ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլը, «Նյուքասլի» վինգեր Անդրոս Թաունսենդը, «Սանդերլենդի» պաշտպան Լամին Կոնեն, ինչպես նաև «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը։