«Տոտտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Դենի Ռոուզը ներողություն է խնդրել «Տոտտենհեմից»՝ ակումբի տրանսֆերային քաղաքականությունը քննադատելու համար։
Օրեր առաջ անգլիացին, ում ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Յունայթեդը», հայտնեց, որ «Տոտտենհեմը» պետք է ակտիվ լինի տրանսֆերային շուկայում և մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստիներ գնի, այլապես ինքը պատրաստ կլինի դիտարկել կարիերան այլ ակումբում շարունակելու տարբերակները։ Այդ հայտարարությունը դուր չէր եկել ակումբի երկրպագուներին, որոնք սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն էին հայտնել։
27-ամյա Ռոուզն, որն այժմ ապաքինվում է ծնկի վնասվածքից, հաղորդագրությամբ դիմել է ակումբին և երկրպագուներին։
-Ունենալով ժամանակ մտածելու իմ խոսքերի մասին՝ հասկացա, որ դա հիվանդ դատողություն էր։ Ցանկանում եմ ներողություն խնդրել ակումբից, ղեկավարից, մարզչից, իմ թիմակիցներից և երկրպագուներից։
Ցանկանում եմ նաև հաջողություն մաղթել տղաներին «Նյուքասլի» դեմ խաղում,֊ ասել է Ռոուզը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Տոտտենհեմը» զբաղեցրեց 2֊րդ հորիզոնականը, սակայն մինչ այժմ ֆուտբոլիստ չի գնել։