«Վեստ Հեմը» համաձայնության է եկել «Լիոնի» կիսապաշտպան Լուկաս Պակետայի տրանսֆերի շուրջ։
«Լիոնը» մերժել է «Վեստ Հեմի» առաջին երկու առաջարկները Պակետայի համար, սակայն երկու ակումբները շարունակել են բանակցությունները և երեկ վերջապես փոխզիջման են հասել:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Վեստ Հեմը» և «Լիոնը» պայմանավորվել են 51 միլիոն ֆունտ ստեռլինգի շուրջ, և Լուկասը այժմ մեկնում է Անգլիա՝ բուժզննում անցնելու և անձնական պայմանագրի վերջնական մանրամասները քննարկելու համար:
Բրազիլացին, ով այսօր դառնում է 25 տարեկան, կլինի Դևիդ Մոյեսի ութերորդ ձեռքբերումը այս տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Բացի Պակետայից, «Վեստ Հեմը» բանակցություններ է վարում նաև «Ռեալ Սոսյեդադի» նախկին եզրային Ադնան Յանուզայի հետ և պայքարում է «Կլուբ Բրյուգեի» կիսապաշտպան Հանս Վանակենի համար: