«Վեստ Հեմը» պաշտոնապես հայտնել է իր կիսապաշտպան Դիմիտրի Պայեի հետ նոր պայմանագրի ստորագրման մասին։
Լոնդոնյան ակումբը Պայեին գնեց անցած ամառ՝ «Մարսելից»։ Ֆրանսիացին արագ հարմարվեց անգլիական ֆուտբոլին և դարձավ Սլավեն Բիլիչի թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ միայն Պրեմիեր Լիգայում դառնալով վեց գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
Վերջին օրերին խոսվում էր, որ չինական ակումբը 28-ամյա Պայեի համար պատրաստ 38 մլն ֆունտ վճարել։ Այսօր էլ The Sun-ը հայտնեց, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։
Սակայն Պայեն նախընտրեց մնալ «Վեստ Հեմում»՝ իր պայմանագիրը երկարաձգելով մինչև 2021 թվականը։ Լուրերի համաձայն, այժմ Դիմիտրին կվաստակի շաբաթական 125 հզր ֆունտ։