Մադրիդի Ռեալը պաշտոնապես հայտնեց «Չելսիի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերային իրավունքները գնելու մասին։ Գործարքի արժեքը կազմել է 35 մլն ֆունտ։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «կապույտները» հայտնեցին Կուրտուայի տրանսֆերի հարցում «Ռեալի» հետ համաձայնության գալու մասին։ Այսօր 26-ամյա բելգիացին բուժզննում է անցել մադրիդյան ակումբում, որից հետո երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել։
-Այսօր իրականացավ իմ երազանքը։ Սա աշխարհի լավագույն ակումբն է,- «Սանտյագո Բերնաբեո» տեղափոխվելուց հետո ասել է «Ատլետիկոյի» նախկին դարպասապահը։
Ավելացնենք, որ «Չելսիում» անցկացրած 7 տարիների ընթացքում Տիբոն մասնակցել է 154 խաղի՝ երկու անգամ դառնալով Պրեմիեր Լիգայի չեմպիոն, մեկական անգամ՝ Լիգայի գավաթի և Անգլիայի գավաթի գավաթակիր։ Այս ամռանը Կուրտուան ստացավ Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության «Ոսկե ձեռնոցը»։