«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնեց ԱԶ֊ի և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Վինսենտ Յանսենին գնելու մասին։ Գործարքն արժեցել է 17 մլն ֆունտ։
Վերջին շաբաթվա ընթացքում լոնդոնցիներն ակտիվ բանակցություններ էին տանում 22-ամյա Յանսենի տրանսֆերի հետ կապված, և վերջապես կարողացան համաձայնության գալ Ալկմարի ակումբի հետ։
Այսօր գործարքն ավարտին հասավ, և Վինսենտը, ով նախորդ մրցաշրջանի 34 խաղում դարձել է 27 գոլի հեղինակ, 4 տարվա պայմանագիր ստորագրեց «Տոտտենհեմի» հետ։ Այս պարագայում, Յանսենը դարձավ ամառվա ընթացքում Մաուրիսիո Պոչետինոյի թիմի երկրորդ ձեռքբերումը Վեիկտոր Վանյամայից հետո։
Ավելացնենք, որ Հոլանդիայի ազգային հավաքականում Յանսենը նորամուտը նշել է այս տարի և արդեն իր անվան դիմաց ունի միջազգային 5 հանդիպում, որոնցում խփել է 3 գոլ։