ՖԻՖԱ-ն «Չելսիին» պատժել է առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների արգելքով։ Պատճառը պատանի ֆուտբոլիստների տրանսֆերների ժամանակ «ազնվականների» թույլ տված բազմակի խախտումներն են։
Վերջին մի քանի տարիների ընթացքում մամուլը պարբերաբար հայտնում էր, որ ՖԻՖԱ-ի պաշտոնյաները քննում են բազում դեպքեր, երբ «Չելսին» կանոնների խախտմամբ կարողացել է այլ ակումբներից պատանի ֆուտբոլիստներ դուրս բերել։
Ի վերջո ՖԻՖԱ-ին հաջողվեց հաստատել «Չելսիի» մեղավորությունը 29 ֆուտբոլիստների դեպքով, որոնց 18 տարեկանը լրացած չի եղել լոնդոնյան ակումբ տեղափոխվելու ժամանակ։
Այժմ «Սթեմֆորդ Բրիջի» ակումբը չի կարողանա նորեկների գրանցել առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում և առաջիկա 90 օրում պետք է վերացվեն հայտնաբերված խախտումները։
«Կապույտները» նաև 460 հազար ֆունտ տուգանք կվճարեն։ ՖԻՖԱ-ն ևս 390 հազար ֆունտ տուգանել է Անգլիայի Ֆուտբոլի Ասոցիացիային իր ակումբներից մեկի անօրինական ակտիվությունն անտեսելու համար։
Ավելացնենք, որ «Չելսին» իրավունք ունի որոշումը բողոքարկելու։ Լոնդոնցիները կարող են եթե ոչ չեղարկել, ապա հետաձգել պատիժը։