«Տոտտենհեմը» պատրաստվում է հայտարարել Ֆրանկո Բալդինիի` ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին, հաղորդում է BBC-ն:
Չորեքշաբթի Բալդինին` Ֆաբիո Կապելոյի նախկին օգնականն Անգլիայի հավաքականում, լքել է «Ռոմայի» տնօրենի պաշտոնը: Սպասվում է, որ մոտ ապագայում Ֆրանկոն աշխատանքի կանցնի «Տոտտենհեմում», որտեղ պատասխանատու կլինի տրանսֆերային քաղաքականության համար:
Լուրեր են պտտվում, որ Բալդինիին հրավիրելու նախաձեռնությունը եղել է թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշի կողմից: Պորտուգալացին ցանկանում է «Ուայտ Հարթ Լեյնում» ընդգրկել այն համակարգը, որով մայրցամաքային ակումբների մեծ մասն է աշխատում:
Հավելենք, որ ոչ վաղ անցյալում «Տոտտենհեմն» արդեն նմանատիպ համակարգով աշխատել է, երբ բոլոր տրանսֆերներն իրականացնում էր Դամյան Կոմոլին, սակայն 2008թ-ին ֆրանսիացին հեռացավ Լոնդոնից, քանի որ նրա ձեռքբերումներն անհաջողության մատնվեցին: