L’Equipe պարբերականի հաղորդմամբ «Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը կարծես թե հրաժարվում է աֆրիկյան ազգերի գավաթին մասնակցելուց:
Դեկտեմբերին Էմանուելը բացառեց իր մասնակցությունն այդ առաջնությանը, քանի որ նրան անհանգստացնում էր անվտանգության հետ կապված խնդիրները: Մինչդեռ մի քանի օր առաջ «Տոտտենհեմը» պաշտոնապես հայտարարեց, որ Ադեբայորն արդեն պայմանավորվել է Տոգոյի հավաքականի հետ և մեկնում է Աֆրիկա:
Այժմ այս պատմությունը նոր ընթացք է ստանում: Ըստ ֆրանսիական պարբերականի` Ադեբայորը հիասթափված է, քանի որ Տոգոյի ֆուտբոլի ֆեդերացիան լրիվ այլ կազմ է ներկայացրել աֆրիկյան ազգերի գավաթին: Այն տարբերվում է Դիդյե Սիկսի առաջարկած կազմից:
-Սա ևս մեկ խնդիր է: Սիկսը կազմել է ցուցակը, սակայն ֆեդերացիան այլ ցուցակ է ուղարկել ֆուտբոլի աֆրիկյան կոնֆեդերացիային: Այդ իսկ պատճառով որոշ ֆուտբոլիստներ ստիպված կլինեն հեռանալ: Ադեբայորը չի ցանկանում մասնակցել: Մենք չգիտենք, թե ինչպես կվարվեն մյուս խաղացողները: Այստեղ քաոսային իրավիճակ է,- ասել է ESPN-ի աղբյուրը:
Ավելացնենք, որ Ադեբայորը դեռ չի մեկնել, քանի որ նա երկուշաբթի օրը պետք է խաղա «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ: Մինչ այդ իրավիճակը կպարզվի: