«Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը հրաժարվել է ակումբից հեռանալ: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Ներկա պահին լոնդոնցիներն ակտիվորեն շարունակում են թիմն ուժեղացնելու լուծումներ գտնել` այդ թվում նաև հարձակման գծում: Սակայն մինչև նորեկիներին հրավիրելը, ակումբը ցանկանում է հրաժեշտ տալ Ադեբայորին:
29-ամյա Էմանուելը ոչ միայն չի մտնում «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի պլանների մեջ, այլև ստանում է շաբաթական 170 հզր ֆունտ, որը կարող է ավելի արդյունավետ օգտագործվել: Սակայն շահավետ պայմանագրից Ադեբայորը չի ցանկանում իր կամքով հրաժարվել:
Հավելենք, որ ամառվա սկզբին Ադեբայորը, ով Պրեմիեր Լիգայի անցած մրցաշրջանում ընդամենը 5 գոլ է խփել, մերժեց «Բեշիկթաշի» առաջարկը: