«Չելսին» վերջապես հաստատել է «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի պայմանագիրը Սթեմֆորդ Բրիջի և ամբողջ Պրեմիեր լիգայի ակումբների համար ռեկորդային գումարի դիմաց:
Ըստ «Բենֆիկայի» մամուլի հաղորդագրության, «Չելսին» Ֆերնանդեսի համար կվճարի 121 միլիոն եվրո (106,9 միլիոն ֆունտ): Այս գումարի 25%-ը բաժին կհասնի Էնցոյի նախկին ակումբին՝ «Ռիվեր Փլեյթին»:
Ինքը՝ «Բենֆիկան» միայն յոթ ամիս առաջ 8,8 մլն ֆունտով գնեց Ֆերնանդեսին «Ռիվեր Փլեյթից», ուստի լիսաբոնյան ակումբի շահույթը հսկայական է:
Ըստ The Athletic-ի՝ 22 ամյա Ֆերնանդեսի համար «Չելսին» վճարելու է մի քանի տարի։ «Կապույտները» նախնական վճարումը կկատարեն 34 միլիոն եվրո (30 միլիոն ֆունտ ստերլինգ), որին կհաջորդի ևս հինգ փոխանցում:
Հարկ է նշել, որ Ֆերնանդեսին հաջողվել է իրեն ճանաչելի դարձնել ոչ միայն Եվրոպայում։ Բոլորովին վերջերս Էնցոն Արգենտինայի հետ Քաթարում հաղթեց աշխարհի առաջնությունը՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող։
Բացի այդ, Ֆերնանդեսի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է ութուկես տարով՝ մինչև 2031 թվականի հունիսը: Էնցոյի տրանսֆերը գերազանցեց Պրեմիեր լիգայի նախորդ ռեկորդը՝ Ջեկ Գրիլիշի տեղափոխությունը «Ասթոն Վիլաից» «Մանչեսթեր Սիթի» 100 միլիոն ֆունտով մեկուկես տարի առաջ: