Պրեմիեր լիգան թույլ է տվել «Լուտոնին» հետաձգել 2023/24 մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը՝ մարզադաշտի վերանորոգման ավարտի հետ կապված անորոշության պատճառով։
Հիշեցնենք, որ «Լուտոնը» դուրս եկավ Պրեմիեր լիգա՝ հաղթելով Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆում։ Պարգևատրվելուց հետո «գլխարկագործները» սկսեցին արագ կերպով կարգի բերել իրենց մարզադաշտը՝ Կենիլուերտ Ռոուդը:
«Լուտոնն» իր առաջին տնային խաղը պետք է անցկացներ «Բերնլիի» հետ օգոստոսի 19-ին, 2-րդ խաղում, սակայն «գլխարկագործները» չկարողացան երաշխավորել Պրեմիեր լիգային, որ նրանք ժամանակին կավարտեն 10 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ վերանորոգումը:
Արդյունքում Պրեմիեր լիգան համաձայնել է հետաձգել նշված հանդիպումը։ Համապատասխան հայտարարությունը տարածվել է ուրբաթ օրը։
Հավելենք, որ Կենիլուերտ Ռոուդը տեղավորում է ընդամենը 10356 հանդիսատես։ «Լուտոնը» նախատեսում է մինչև 2026 թվականը նոր մարզադաշտ կառուցել՝ անկախ նրանից, թե որ դիվիզիոնում հանդես կգա այդ ժամանակ։