«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրաժարվել է ընդունել, որ իր թիմը դուրս է մնացել Չեմպիոնների Լիգայի հետագա պայքարից: Նա խոստացել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպմանը «անհնարինը դարձնել հնարավոր»:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում երեկ «զինագործները» տանը 1:3 հաշվով պարտվեցին Մյունխենի «Բավարիային»: Եվ այժմ աննշան են հույսերը, որ լոնդոնյան ակումբը կանցնի հաջորդ փուլ: Հաշվի առնելով «Արսենալի» խաղային որակը՝ քիչ հավանական է, որ պատասխան խաղին գերմանական ակումբը 3 գոլ բաց կթողնի:
Վենգերը խոստացել է, որ մարտի 13-ին իր թիմը իսկական կռիվ է տալու Մյունխենում:
-Չենք փորձի թաքցնել ճշմարտությունը, շատ դժվար է լինելու: Սակայն մենք կփորձենք անհնարինը դարձնել հնարավոր:
Մենք պետք է մեկնենք այնտեղ և խաղանք այնպես, ինչպես տանն ենք խաղում: Մենք պետք է փորձենք փոխել հաշիվը: «Բավարիայի» երրորդ գոլը նշանակալից կերպով բարդացնում է մեր գործը, սակայն մենք պետք է փորձենք,- հայտնել է ֆրանսիացի մասնագետը Sky Sports-ին տված հարցազրույցի ժամանակ: