«Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետան իր աջակցությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին, ով քննադատությունների արժանացավ «Աստոն Վիլլայի» դեմ խաղից հետո՝ 0:0:
Այդ խաղի վերջնամասում Վենգերը համաձայնվեց ոչ-ոքի արդյունքին՝ Ժիրուին փոխարինելով եզրային պաշտպան Ֆրենսիս Կոկլենով: «Վիլլա Պարկի» հյուրերի տրիբունայում «զինագործների» երկրպագուները պաստառ էին պարզել «You don’t know what you’re doing» գրությամբ (Դու չես հասկանում, թե դու ինչ ես անում):
Արտետան, ով այդ խաղում կրում էր թիմի ավագի թևկապը, կարծում է, որ երկրպագուների կարծիքը պետք է հարգել, սակայն նա չի մտածում, որ Վենգերի հասցեին արված քննադատությունները արդարացված են:
-Նրանք կարող են ասել այն, ինչ ուզում են: Եթե նրանք քննադատական խոսքեր են ասում, մենք պետք է առողջ ընդունենք, եթե անգամ դա մեզնից մեկին է վերաբերվում:
Ես կարծում եմ, որ Վենգերը գիտի իր գործը, չէ որ նա այստեղ է արդեն 15 տարի: Նա ակումբը բոլորից լավ գիտի: Նա շատ լավ գիտի խաղացողներին և գիտի թե ինչպես հասնել արդյունքի:
Երբ նա փոփոխություն է կատարում, ուրեմն դա անում է միայն հաղթանակի համար: Այդ օրը նա այդպիսի կազմ էր ընտրել, որպեսզի հաղթեինք:
Նա միշտ աշխատում է ամբողջ ուժով: Նրա մի քանի որոշումներ այդքան էլ պարզ չեն, սակայն եթե նա դա ընդունում է, ուրեմն լուրջ պատճառ ունի: Եթե անգամ նա սխալվի, ապա միայն ինքը կարող է դա ուղղել,- Արտետայի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը: