«Ստոկ Սիթիի» դարպասապահ Ջեկ Բաթլենդը կարող է վարձավճարով տեղափոխվել իսպանական Լա Լիգայի ակումբներից որևէ մեկ:
Ամենայն հավանականությամբ, ակումբի հիմնական դարպասապահ Ասմիր Բեգովիչը չի լքի ակումբը և հերթական մրցաշրջանը կանցկացնի «Բրիտանիայում»: Այդ դեպքում հեռանկարային Բաթլենդը ստիպված կլինի կրկին վարձավճարով տեղափոխվել, որպեսզի խաղային փորձ ձեռք բերի:
20-ամյա անգլիացին ավարտված մրցաշրջանի կեսն անցկացրել է իր հարազատ ակումբում` «Բիրմինգհեմում»: Բացառված չէ, որ հիմա Ջեկն իր ուժերը կփորձի Իսպանիայում:
-Երբ ես Բարսելոնայում էի, մի քանի իսպանական ակումբներ ցանկանում էին ինձ հետ խոսել Ջեկի մասին: Այժմ մենք պետք է դիտարկենք բոլոր տարբերակները, և պետք է այնպես անենք, որ նա խաղա: Եթե Ասմիրը մնա ակումբում, հույս ունեմ, որ Ջեկը չի մնա: Ես չեմ պատկերացնում Ջեկին պահեստայինների նստարանին նստած:
«Ստոկի» գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը գուցե այլ կերպ է մտածում: Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ապա ես պետք է Ջեկին խաղային փորձով ապահովեմ: Նա մեծ հավակնություններ ունի միջազգային հարթակում և շարունակում է աճել,- Daily Mirror-ի հետ հարցազրույցում հայտնել է գործակալ Հարի Մելորը: