«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին հայտնվել են ՈՒԵՖԱ-ի 2012/2013 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների 10-յակում:
Գարեթի և Ռոբինի հետ պատվավոր մրցանակի համար պայքարելու են Չեմպիոնների Լիգան հաղթած «Բավարիայի» 4 ֆուտբոլիստներ` Բաստիան Շվայնշտայգերը, Թոմաս Մյուլերը, Ֆրանկ Ռիբերին և Արյեն Ռոբենը:
Մյուս հավակնորդներն են Ռոբերտ Լևանդովսկին «Բորուսիայից», Զլատան Իբրահիմովիչը «ՊՍԺ»-ից, Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալ Մադրիդից» և Լիոնել Մեսին «Բարսելոնայից»:
Նշենք, որ այս մրցանակն ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի նախաձեռնությունն է: Օգոստոսի 29-ին Մոնակոյում այն կշնորհվի երրորդ անգամ: Այս իրադարձությունը համընկել է Չեմպիոնների Լիգայի խբային փուլի վիճակահանության հետ:
Օգոստոսի 6-ին 10 թեկնածուների ներկայիս ցուցակը կկրճատվի մինչև երեքը: Իսկ հաղթողը կորոշվի օգոստոսի 29-ին` Մոնակոյում հրավիրված լրագրողների քվեարկության արդյունքում: