Պաշտպան Տիագո Սիլվան կարող է նոր պայմանագիր ստորագրել «Չելսիի» հետ, որը թույլ կտա նրան մուտք գործել իր կյանքի հինգերորդ տասնամյակ Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստի «պաշտոնով»:
39 տարեկանում Սիլվան մնում է «Չելսիի» առանցքային խաղացողներից՝ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում խաղալով «կապույտների» անցկացրած յուրաքանչյուր խաղ:
Սիլվայի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, և նախապես սպասվում էր, որ բրազիլացի վետերանը հաջորդ ամառ կվերադառնա հայրենիք՝ կարիերան ավարտելու համար:
Վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ այս հունվարին Սիլվան կարող է վերադառնալ «Ֆլումինենսե», սակայն Daily Mirror-ը պնդում է, որ Տիագոն ոչ միայն կավարտի մրցաշրջանը «Չելսիում», այլև պատրաստ է երկարաձգել պայմանագիրը հաջորդ մրցաշրջանի համար:
Բանն այն է, որ Սիլվայի ընտանիքը երջանիկ է Լոնդոնում, իսկ Տիագոյի երկու որդիներից ավագը՝ 15 ամյա Իսագոն, սովորում է «Չելսիի» ակադեմիայում և ունի պայմանագիր մինչև 2025 թվականի ամառը։