«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պատրաստվում է Լուիս Սուարեսի վերադարձից հետո նրան օգտագործել որպես վինգեր: Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվողն այժմ 10-խաղյա որակազրկման մեջ է:
Լուիսին մնացել է ընդամենը երկու խաղ, որից հետո նա դաշտ կվերադառնա: Սպասվում է, որ նա կմասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Լիգայի գավաթի 3-րդ փուլի խաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին՝ «Օլդ Թրաֆորդում»:
Սակայն «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին հեշտ չի լինի Սուարեսին միանգամից վերադարձնել հիմնական կազմում իր տեղը, քանի որ երիտասարդ Դանիել Սթարիջն արդեն իր համար ամրագրել է կենտրոնական հարձակվողի դիրքը, իսկ Կոուտինյոն կշարունակի գործել որպես փլեյմեյքեր:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Ռոջերսը որոշել է սկզբնական շրջանում Սուարեսին տեղափոխել հարձակման եզր: