«Տոտտենհեմի» և Ուելսի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Գարեթ Բեյլը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) կողմից ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ: Բեյլին է հասել նաև տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ կոչումը:
Ընթացիկ մրցաշրջանում ուելսցի վինգերը «Տոտտենհեմում» մասնակցել է 40 խաղի և դարձել 24 գոլի հեղինակ, ինչը չէր կարող աննկատ մնալ իր կոլեգաների կողմից, քանի որ հաղթողը որոշվել է ֆուտբոլիստների քվեարկությամբ:
Այս մրցանակին Բեյլը արժանացել է նաև 2011 թվականին: Նախկինում չորս ֆուտբոլիստի է հաջողվել երկու անգամ ճանաչվել տարվա ֆուտբոլիստ:
-Սա պատվավոր մրցանակ է, քանի որ ընտրվել է հենց ֆուտբոլիստների կողմից: Ես շատ ուրախ եմ,- Բեյլի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Նշենք, որ տարվա ֆուտբոլիստ կոչմանը հավակնում էին նաև Ռոբին Վան Պերսին, Մայքլ Կարրիկը, Էդեն Ազարը, Խուան Մատան և Լուիս Սուարեսը:
Բեյլը ճանաչվել է նաև տարվա երիտասարդ ֆուտբոլիստ: Այս երկու մրցանակաները միասին ստանալ հաջողվել է միայն Էնդի Գրեյին և Կրիշտիանու Ռոնալդուին: Տարվա երիտասարդ ֆուտբոլիստ կոչմանը հավակնում էին Կրիստիան Բենտեկը, Ռոմելու Լուկակուն, Դենի Ուելբեկը, Ջեկ Ուիլշերը և Էդեն Ազարը: