«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն ակնարկել է, որ մնում է թիմում՝ իր հիացմունքը հայտնելով թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի աշխատանքի հանդեպ:
Բեյլի կարծիքով հենց պորտուգալացի մասնագետի շնորհիվ է, որ ինքն այդքան աճեց, և ավելի բարձր պրոֆեսիոնալ մակարդակի հասավ՝ դառնալով թիմի առաջատարը: Ակնհայտ է, որ 23-ամյա ուելսցին չի պատրաստվում հեռանալ «Ուայթ Հարթ Լեյնից» և տեղափոխվել «Ռեալ»:
-Բոլորը շատ ուրախ էին, երբ նա եկավ: Նա երիտասարդ մարզիչ է, ով «Պորտուում» հրաշալի աշխատանք է կատարել: Հնարավոր է, որ նրան ամեն ինչ չի հաջողվել «Չելսիում» անել, բայց այս մրցաշրջանում նա ապացուցեց, որ բարձրակարգ մասնագետ է:
Նա արդեն իրեն փորձել է նոր մարտավարությամբ, նոր ոճի մեջ` մեզ հետ միասին: Դրա համար մի փոքր ժամանակ պահանջվեց: Բայց հետո մենք սովորեցինք և ավելի ու ավելի ուժեղացանք:
Նա ինձ ամեն կերպ օգնել է խաղում: Մարզման ժամանակ մենք աշխատում էինք այն բանի վրա, թե ինչ կարող եմ ես ավելացնել, և դա ինձ ինքնավստահություն էր տալիս պաշտոնական խաղերում: Խաղացողի համար ավելի լավ բան չկա, քան անել այն, ինչն ամենաշատն է սիրում,- Daily Mirror-ին հայտնել է Բեյլը: