Անգլիայի հավաքականի մարզչական շտաբի անդամ Գարի Նևիլը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտին:
Անցած մրցաշրջանի վերջին ամիսների ընթացքում և նոր մրցաշրջանի մեկնարկում Հարտը բազմիցս քննադատության է ենթարկվել անկանոն խաղ ցուցադրելու համար: «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում 26-ամյա անգլիացին երկու կոպիտ սխալ թույլ տվեց:
Հարտը ոչ միայն թույլ տվեց Ֆրանկ Ռիբերիին հեռահար հարվածով իր դարպասը գրավել խաղի արդեն 7-րդ րոպեին, այլև բաց թողեց Արյեն Ռոբենի` մոտակա անկյունը կատարած հարվածը: Այս ամենի հետ կապված Նևիլը կասկածի տակ է դրել Ջոյի` հավաքականում առաջին համարը լինելը:
-Ռիբերիի հարվածը նա ի զորու էր հետ մղել: Ջո Հարտը պետք է ավելի լավ խաղար այդ իրավիճակում: Գնդակը նրա ձեռքերի միջով անցավ: Դա այն մեկնարկը չէր, որը «Մանչեսթեր Սիթին» ակնկալում էր իր դարպասապահից:
Պետք է ընդունել, որ Ռոբենի գոլի ժամանակ ևս նա պետք է ավելի վստահ խաղար: Նա երեկվա խաղում երկու սխալ թույլ տվեց: Դա պետք է նրան տխրեցնի,- Նևիլի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: