Գլեյզերների ընտանիքը, որին 2005 թվականից պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդը», կարող է վերջապես վաճառել ակումբը կամ իր մասնաբաժինը:
Անցած գիշեր միլիարդատեր Իլոն Մասկը ոգևորեց «Յունայթեդի» երկրպագուներին ակումբը և «Օլդ Թրաֆորդից» գնելու մտադրության մասին արած թվիթով, թեև նա արագորեն պարզաբանեց, որ դա պարզապես կատակ է: Այնուամենայնիվ, առանց կրակի ծուխ չի լինում։
Ինչպես հայտնում է The Independent-ը, մայիսից ֆինանսական տիտանների միջև մի քանի հանդիպում է տեղի ունեցել «Յունայթեդի» շուրջ: Արդյունքում տպավորություն կար, որ «կարմիր սատանաները» իրականում կարող են փոխել իրենց սեփականատերերին, թեև Գլեյզերները նախկինում միշտ բացառել են «Յունայթեդի» վաճառքը:
Ներկայումս կան առնվազն երեք կոնսորցիումներ, որոնք պատրաստ են առաջարկներ ներկայացնել «Յունայթեդի» համար, որը Գլեյզերները գնահատում են 6 միլիարդ դոլար (5 միլիարդ ֆունտ ստեռլինգ):
Ճիշտ է, ամերիկյան Bloomberg պարբերականը պնդում է, որ Գլեյզերները պատրաստ են վաճառել «Յունայթեդի» միայն փոքր մասնաբաժինը, քանի որ ցանկանում են պահպանել վերահսկողությունը ակումբի վրա։
Այս խոսակցությունների ֆոնին «Յունայթեդի» բաժնետոմսերը տպավորիչ աճ են ցույց տալիս Նյու Յորքի ֆոնդային բորսայում: